Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի

2020 -11-23

Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցներում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Ս. Հուլիանեն († 304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնական առաջարկը և տարվում է դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեն նահատակվում է գլխատվելով, 19 տարեկան հասակում:

Ս. Վասիլուհին ևս († 303), որն իննամյա աղջնակ էր, դիոկղետիանոսյան հալածանքների օրոք մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից՝ առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի երկուշաբթի օրը: