Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Հռիփսիմյանց կույսերի

2017 -06-12

Ազնվազարմ Հռիփսեմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում։

Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել կույսին։ Սակայն, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, բարեպաշտ կույսերն իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդությունը վկայում է, որ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր՝ Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ։ Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այս մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսեմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի   նշխարներն ինը օր անց գտնում է Ս. Գրիգոր Լուսավորիչը և, հողին հանձնելով դրանք, այդ տեղերում վկայարաններ է կառուցում: Այդ վայրերում հետագայում վեր են հառնում Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները։

Կույսերի նահատակությունը շրջադարձային է հայոց պատմության համար։ Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվում Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում։

Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին։ Ի ոգեկոչումն կույսերի հիշատակի տոների օրը Հայոց եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ։  Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում է տոնի նախորդ օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ ս. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ։