Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի

2020 -11-24

Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է Գ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրենական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծվում է, որ այսօրվա գործածական Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թ. գլխատվում է:

Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակության պսակն ընդունում են գլխատմամբ Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թ.:

Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որ Հռոմում բռնվում և բանտ է նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի երեքշաբթի օրը: