Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Ղևոնդյանց քահանաների

2021 -02-09

Ավարայրի ճակատամարտում սրբացած հայոց քաջորդիների շարքում առանձնացվում են Ղեւոնդյանց քահանաները, որոնք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի Եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագագույնը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները:

Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին եւ հայոց քաջարի հոգևորականները` առնելով մարտիրոսական պսակը:

Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: