Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի

2020 -01-18

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իր տոների շարքում մեծ տեղ է հատկացնում ճգնավորների հիշատակին:

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվեց ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և իրենց կյանքն անցկացնում էին աղոթքներով ու ծոմապահությամբ՝ այդպիսով Աստծո շնորհով հաղթահարելով մարդկային թուլությունները և հասնելով հոգևոր կատարելության: Երկար տարիների ճգնություններից հետո ճգնավորները նաև հրաշագործության և աղոթքներքով բժշկելու շնորհ էին ստանում:

Այդպիսի ճգնավորներից են եղել Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում ապրած Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ոնոփրիոսը (4-րդ դար)։ Վերջինս որոշ ժամանակ վանքում ապրելուց հետո հեռացել է անապատ և ապրել այնտեղ 60 տարի՝ առանց որևէ մեկին հանդիպելու: Ոնոփրիոսը շատ այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և ետ պահել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ: