Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանի և Սայենի

2021 -02-08

Ս. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձևումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն` կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը:

Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև ս. Պիոն քահանան: Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ:

Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Կյուրեղ և Բենիամին սարկավագները: Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային: Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար:

Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Որմզդանը և պարսից իշխան Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին և նահատակվում իբրև նվիրյալ քրիստոնյաներ:

Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս, ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Ծառա Քրիստոսի: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին: