Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի և Հովհաննես ու Ալեքսիանոս կամավոր աղքատների

2019 -12-03

Ս. Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը (Դ դ.) նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք, Ալեքսանդրիայում: Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ այդ խռովահույզ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, որից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այս մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:

Հովհաննեսը ծնունդով Կ. Պոլսից է, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում  իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, իր ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում, և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:

Ալեքսիանոսը (Ե դ.) Հռոմից էր, նույնպես ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով, գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում էր, որ ինքը «Աստծու մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությունով իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Ալեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Գ Հիսնակաց երեքշաբթի օրը: