Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի

2017 -06-24

Հայոց մեծագույն կաթողիկոսներից է Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին և իրավմամբ տրվել է Մեծն անունը։ Ըստ պատմական աղբյուրների Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է՝ Հուսիկ Հայրապետի թոռը։

Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս։ Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը։ Իր նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները։ Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, կառուցվում են ապաստաններ ու հիվանդանոցներ բոլոր անտունների ու աղքատների համար։ Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր։ Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար։

Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»։

Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից։

Հայ Առաքելական Եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։