Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի

2020 -01-16

Ալեքսանդրիայի Ս. Պետրոս հայրապետը եւ Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբներին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Ս. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ և Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում: Հալածանքների սաստկացման պատճառով համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա և քիչ անց բանտարկվում: Անսալով սրբի ցանկությանը և երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311թ. հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում է արյան պսակը:

Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և իր սրբակեցությամբ քաջալերել  նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Ս. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով: Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին և նա բերվում է ատյան, ուր սուրբը Տիրոջ Հոգով լցված հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է մատնվում, նետվում է Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316թ.:

Ս. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյունը հիմքն է Եկեղեցու: