Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Սահակ և Հովսեփ իշխանների, Սարգիս և Բագոս վկաների

2017 -06-22

Սահակը և Հովսեփը զավակներն էին հագարացի իշխան Կայսի, որը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատքն ու նույն հավատքով դաստիարակել զավակներին: Սակայն տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը և իբրև իսլամ հոր զավակներ նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել: Սակայն նույնիսկ իրենց հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում են 808 թ.:

Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողության ներկա լինելուց  հրաժարվելու պատճառով ենթարկվում են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարմ են մնում քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահանում է, իսկ Սարգիսը նետվում է բանտ և գլխատվում Հյուսիսային Սիրիայում 300 թ.:

Հայ Առաքելական Եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում ևս աստվածային պարգևի արժանանալու համար: