Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի`Պիստոսի, Ելպիսի և Ագապեի

2020 -08-06

Այս անունները զուտ քրիստոնեական ծագում ունեն և հունարենից թարգմանած հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատք, հույս և սեր:

Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա իրեն ամբողջովին նվիրում է Աստծուն: Լինելով ջերմեռանդ հետևողը Քրիստոսի` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում էին միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները:

Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և մորից նրան կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Իսկ երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց. կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց սնված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հաստատ մնալով իրենց հավատքին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց:

Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է իր զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված անսում է մոր աղաչանքներին և Սոփիան խաղաղությամբ ավանդում է իր հոգին:

Սոփիայի և նրա երեք դուստրերի հիշատակը Հայ եկեղեցում տոնվում է Վարդավառի երրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: