Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Սևերիանոս Սեբաստացու, Բաբելաս Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների

2021 -10-28

Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում: Նրանց նահատակությունից հետո էլ շարունակում է քրիստոնյաների պաշտպանությունը և քննադատությունն օրվա իշխանավորներին, որ անտեղի հալածում են անմեղ քրիստոնյաներին: Սակայն կրկին դատական ատյան է բերվում, անլուր չարչարանքների ենթարկվում` արժանանալով մարտիրոսության պսակի:

Բաբելաս Ծերունին († 298) ուսուցիչ էր Նիկոմիդիայում, Մաքսիմինոս կայսեր օրոք, որտեղ քրիստոնյա մանուկներին Սուրբ Գիրք էր ուսուցանում: Հեթանոսները կայսրին հայտնում են, որ նա երեխաներին Ս. Գիրք և քրիստոնեական բարեպաշտություն է սովորեցնում: Կայսեր այն հարցին, թե՝ «Ինչու՞ ես երեխաներին օտար կրոն սովորեցնում և ոչ մերը», ծերունին պատասխանում է. «Որովհետև ճշմարիտ հավատքը քրիստոնեականն է»: Կայսեր հրահանգով ծերունին նետվում է բանտ և տանջանքների ենթարկվում: Նրանք փորձում են սիրաշահելով համոզել երեխաներին երկրպագել կուռքերին, սակայն ի պատասխան լսում են. «Մենք երբեք չենք երկրպագի անշունչ քարե արձանների»: Այս ամենից հետո ուսուցիչն աշակերտների հետ գլխատվում է: