Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Վահան Գողթնացու, Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի և երկու ներքինիների

2020 -01-23

Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է՝ վերանվանվելով Վահաբ:

Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն՝ զանազան պատասխանատու պաշտոններ է ստանձնում արքունիքում: Չնայած մեծացել և հասակ էր առել արաբական միջավայրում, բայց Վահանը գիտեր իր նախնիների մասին: Նա չէր մոռացել, որ ինքը եղել է քրիստոնյա և իշխանական տնից: 719թ. Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը՝ վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան՝ իմանում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանի որոնումները:  Վերջինս որպես ծպտված թափառական դեգերում է հայրենի երկրում, Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում՝ վերջնականապես հաստատվելով Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը՝ նահատակվում է 737թ.՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգվում է հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:

Ընտանիքի հայրը՝ Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ՝ ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սկսում է սովորել գիտության այդ նշանավոր կենտրոնում: Ընթերցումների ժամանակ ձեռքն է ընկնում Պողոս առաքյալի թղթերն ու մեծ հետաքրքրությամբ ընթերցում դրանք: Հավատալով Հիսուս Քրիստոսին՝ իր երկու ներքինիների հետ մկրտվում է՝ դառնալով քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք՝ հետագայում դառնալով վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին և մերժվելով նրանից՝ մեղադրում է նրան բռնության փորձ կատարելու մեջ: Կանգելով դատավորի առջև, որն իր հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին դառնում են քրիստոնյաներ: Կայսրը, իմանալով այս մասին, սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց նահատակության փառապսակն է ընդունում նաև նրա մայր Կղոդիան: