Եկեղեցական Օրացույց

Հիշատակ տասներկու սուրբ մարգարեների՝ Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի

2020 -08-04

Նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ ի տարբերություն մեծ մարգարեների, որ են՝ Եսային, Երեմիան, Եզեկիելը և Դանիելը: Մարգարեները այն անձերն էին, որոնց միջոցով Աստված խոսում էր և իր ժողովրդին հայտնում իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, որոնք խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների համար՝ ետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից: Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Մարգարեները հաճախ ապացուցելու համար Աստծուց ընտրված լինելու իսկությունը Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում: Ամեն անգամ, երբ արտասանում ենք Հավատո հանգանակը, Ս. Հոգու մասին ասում ենք «Ով խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով»՝ մեկ անգամ ևս փաստելով, որ Աստված խոսել է մեզ հետ նաև մարգարեների միջոցով:

Մարգարեներն իրենց հայտնություններն ստանում էին տեսիլքների, առակների, խորհրդանշանների ձևով: Նրանք կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Սբ. Մարգարեների նպատակն էր բյուրեղացնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատը: Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություներն իրականացան Նոր Ուխտում՝ Հիսուս Քրիստոսով: Տարբեր ժամանակներում են ապրել ու գործել 12 մարգարեները:

Ովսե: Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո 750թ-ին Ն. Ք.: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում: Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի պատասխանատվության մասին: Ովսեի շուրթերով Աստված խոսում է իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մենք մեզանից վանենք ամեն մի անօրէնություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:

Ամովս: Ամենահին մարգարեն է, որի գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ՝ բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է Ը դարի երկրոդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության մասին, հիշեցնում օրենքի, հատկապես պաշտամունքի, աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Խիստ ձայնով է դիմում հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին:

Միքիա: Մորեստ գյուղից է, որը շատեր նույնացնում են մեր օրերի Թել-ալ-Ջադիդայի հետ: Ապրել է Ն. Ք. Ը դարում: Նա նախազգուշացնում է ժողովրդին Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանքն էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության՝ կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու հնազանդության Աստծո կամքին:

Հովել: Նրա ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսում է «Տիրոջ օրվա» մասին՝  հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սբ. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:

Աբդիու: Ամենակարճ մարգարեական գիրքն է: Հավանաբար գրվել է Ն. Ք. 587թ.-ից հետո: Մարգարեն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը՝  Եսավի հետնորդները՝ հասկացնելով իսրայելացիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, որ գալու է դատելու բոլոր ժողովուրդներին:

Հովնան: Այս գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, որն ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս ձգել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:

Նավում: Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Գիրքը գրված է 663թ. Ն. Ք. ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և 612 թ. Ն. Ք բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:

Ամբակում: Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապում է ուրիշների դժբախտությամբ, դատապարտում չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար Է դարի վերջերին և Զ դարի սկզբին Ն. Ք.:

Սոփոնիա: Այս մարգարեի քարոզությունը սկիզբ է առել Է դարի վերջին Ն. Ք.՝ նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյոք Աստված հետաքրքրվու՞մ մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:

Անգե: Գրքում հիշատակվւում է Անգե մարգարե անունը, որ քարոզում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ 520թ. Ն . Ք.:

Զաքարիա: Ժամանակակիցն է Անգե մարգարեի: Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում պարունակում է 520-518թթ. վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ:

Մաղաքիա: Գիրքը գրվել է Ե դարի առաջին կեսին Ն. Ք.: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին, որ փոխեն իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին: