Եկեղեցական Օրացույց

Հիշատակ տասներկու ս. վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու

2020 -10-24

Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ:

Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ` կապված քրիստոնեական վարդապետության  հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց` եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը` ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը:

Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, որոնք Աստծո խոսքի` իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում  են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ` հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Ս. Հայրերի լույս հավատքին:

Ս. Աթանասը ծնվել է Ալեքսանդրիայում շուրջ 296 թ., քրիստոնյա ընտանիքում: Նա կրթություն է ստանում Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսի հովանու ներքո: 319 թ. ձեռնադրվում է սարկավագ և ակտիվորեն մասնակցում արիոսականության դեմ պայքարին: 325 թ. իր եպիսկոպոսի հետ մեկնում է Նիկիա` մասնակցելու Առաջին Տիեզերական ժողովին: 5 ամիս անց մահանում է Ալեքսանդրը, որը մահվան մահճում իրեն հաջորդ է առաջարկում Աթանասին, ով 326 թ. միաձայն ընտրվում է պատրիարք: Աթանասը բազմաթիվ երկերով մերկացնում է Արիոսի սուտ ուսմունքը: Չարացած արիոսականներն ամբաստանում են Աթանասին Կոստանդին Մեծ կայսեր առաջ` մեղադրելով նրան կայսրության թշնամիների հետ հարաբերվելու մեջ: Աթանասին աքսորի են դատապարտում: Ընդհանուր առմամբ նա աքսորում անցկացնում է քսան տարի` դատապարտված լինելով չորս անգամ:

Արքեպիսկոպոսի բացակայության ընթացքում նրա հոտն այնքան փորձությունների է ենթարկվում, որ նրա աքսորը հավատավոր հոտը համարում է իր սեփականը: Ս. Աթանասը վախճանվում է հովվապետական 47-ամյա ծառայությունից հետո` 373 թ. մայիսի 2-ին: Թողել է բազում աշխատություններ:

Ս. Կյուրեղ Աղեքսանդրացին ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 374 թ.: 412 թ. նա դառնում է Ալեքսանդրիայի պատրիարք: Պայքարել է նեստորականության դեմ: Նախագահել է Երրորդ Տիեզերական ժողովը (Եփեսոս, 431 թ.), որտեղ դատապարտվում է Նեստորն իր ուսմունքով հանդերձ: Գրել է բազմաթիվ մեկնողական և ջատագովական աշխատություններ: Մահացել է 444 թ.:

Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզա գյուղաքաղաքի Արիանզա գյուղում: Եղել է Նազիանզայի Գրիգոր եպիսկոպոսի (326-374) որդին: Միջնակարգ կրթությունն ստացել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: 350 թ. նա մեկնում է Աթենք, ուր Բարսեղ Կեսարացու հետ միասին 5 տարի ուսանում է անտիկ փիլիսոփայություն և հռետորական արվեստ: Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Աստվածաբանը, Աթենքում 2 ընկերները միայն 2 ճանապարհ գիտեին. մեկը, որ տանում էր դեպի դպրոց, իսկ մյուսը` ավելի թանկագինը` դեպի եկեղեցի:

Վերադառնալով Նազիանզա` մկրտվում է հոր կողմից: 360 թ. մեկնում է Պոնտոս և նվիրվում ճգնողական կյանքին: Սակայն շուտով ստիպված է լինում վերադառնալ` օգնելու իր ծեր հորն արիոսականության դեմ պայքարելու գործում: 361 թ. հոր` Գրիգոր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է քահանա, իսկ 372 թ. Ս. Բարսեղ Կեսարացու ձեռամբ` եպիսկոպոս Սասիմա քաղաքի վրա:

381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Մելետիոս Անտիոքացու մահից հետո Նազիանզացին հաջորդում է նրան Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի նախագահական աթոռի վրա: Մահացել է 389/390 թթ.:

Ս. Ռեթեոսը Դիոնիսիոս Արիսպագացու ուսուցիչն էր:

Ս. Սեղբեստրոսը († 335) ծնվել է Հռոմում, քրիստոնյա ընտանիքում, ստացել է լավ կրթություն: 30 տարեկանում ձեռնադրվել է քահանա, ապա եպիսկոպոս: Հայտնի էր որպես Ս. Գրքի մեծ գիտակ` հրեաների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բանավեճի ընթացքում ներկայացնելով քրիստոնեությունը: Հաղթել է հրեաներին բանավեճում և շատերին դարձի բերել: Հռոմի գահին է մնացել շուրջ 20 տարի` ի Տեր փոխադրվելով բավականին առաջացած տարիքում:

Ս. Եփրեմ Խուրին († 373/9) ծնվել է 4-րդ դ. սկզբին քրիստոնյա ընտանիքում: 14 տարեկանում Հակոբ Մծբնեցու հետ մասնակցել է Առաջին Տիեզերական ժողովին (Նիկիա, 325 թ.): Գրավոր և բանավոր քարոզել և շատերի է դարձի բերել ի Քրիստոս: Հեղինակ է բազում աղոթքների և տաղերի:

Ս. Հովհան Ոսկեբերանը ծնվել է Անտիոքում շուրջ 354 թ., զինվորականի ընտանիքում: Նրա մայրը, այրիանալով 20 տարեկանում, ամբողջովին նվիրվում է որդու դաստիարակությանը: Հովհանն ստանում է փայլուն կրթություն Անտիոքի և Աթենքի դպրոցներում: Ավարտից հետո դառնում է դատավոր, բայց շուտով թողնում է աշխարհիկ գործունեությունը և նվիրվում Տիրոջ գործին: Մոր մահից հետո հեռանում է անապատ, սակայն վատթարացող առողջությունն ստիպում է նրան վերադառնալ Անտիոք: Ձեռնադրվում է դպիր, այնուհետև սարկավագ, իսկ 386 թ.` քահանա: Դառնում է փայլուն քարոզիչ, որի համար և ստանում է «Ոսկեբերան» մակդիրը: 398 թ. ձեռնադրվում է Կ.Պոլսի եպիսկոպոս: Նախանձախնդիր մայրաքաղաքի բնակիչների արատների ուղղմանը` արթնացնում է բազում բարձրապաշտոն անձանց դժգոհությունն ու զայրույթը, ի շարս որոնց` Եվդոկսիա կայսրուհու: Վերջինիս ջանքերի շնորհիվ 404 թ. Ոսկեբերանն արտաքսվում է Կ.Պոլսից և 407 թ. աքսորավայրում կնքում իր մահկանացուն 53 տարեկան հասակում: Ս. Հովհան Ոսկեբերանի վերջին խոսքերն էին. «Փառք Աստծու ամեն ինչի համար»:

Ոսկեբերան հայրապետը Ս. Գրքի մեկնության, Ս. Պատարագի և բազում աստվածաբանական երկերի, ինչպես նաև քարոզների և Ս. Հաղորդության աղոթքների հեղինակ է:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Տասներկու Ս. Վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: