Եկեղեցական Օրացույց

Մեր Ս. Գրիգոր Լուսավորչի` Վիրապից ելնելու տոն

2017 -06-17

301թ. Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։

Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերի նահատակությունից հետո արքան ու արքունի պալատականներ ծանր հիվանդանում են։ Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը։ և ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը։ Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան՝ դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը։ Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր։ Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն։ Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ուղարկվում է Կեսարիա, ուր և ձեռնադրվում է Հայաստանյայց Ս. Եկեղեցու առաջին հովվապետ։

Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն տոնը Հայ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը։ Տոնի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ։