Եկեղեցական Օրացույց

Պահք: Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Շուշանի՝ Մեծ Վարդանի դստեր հիշատակության օր

2017 -09-26

Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թ. Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը, փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ` նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, և ապա՝ գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով՝ հավատքի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես՝ խելագարվում և ինքնասպան է լինում:

Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով՝ հանձնվում է քրիստոնյա ստնտուի խնամքին: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տանից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվելով՝ նահատակվում:

Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, իսկական անունը Վարդենի է, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է իր Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ է լինում և ամուսնանում պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը քաշվում է մի փոքրիկ եկեղեցու կից տնակ և այնտեղ ապրում աղոթքներով՝ միշտ մերժելով իր ամուսնու՝ դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարիներ անընդմեջ իր ամուսնուց հալածվում է՝ ապավեն ունենալով միայն իր աներեր հավատն առ Աստված և իր պապից՝ Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանը:

Ս. Շուշանն իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով 470 թ.: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Փեփրոնեի, Ս. Մարիանեի և Ս. Շուշանիկ Վարդենու հիշատակը տոնում է Ս. Խաչի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: