Եկեղեցական Օրացույց

Պահք: Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս հայրապետի և նրա երեք աշակերտների

2017 -06-26

Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական Եկեղեցու նշանավոր վարդապետներից է և տոնելի է Հայ Եկեղեցում որպես տասներկու վարդապետներից մեկը:

Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակված է եղել իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով:

Ողջ կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ. Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մեծագույն պաշտպանն է եղել ուղղափառ դավանության և Նիկիո հանգանակի:

367թ. եպիսկոպոսաց ժողովի կողմից ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ:

Նա հարուստ մատենագրական ժառանգություն է թողել: Հեղինակել է աստվածաշնչյան մեկնություններ, դավանաբանական երկեր, ճառեր, աղանդների հերքումներ, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է նաև հայերեն:

Հայ Եկեղեցում Եպիփան Կիպրացու հիշատակն երկու անգամ է տոնվում` Հոգեգալստյան 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը` «երկոտասան վարդապետաց» շարքում:

Ըստ Հայսմավուրքի Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որ հռչակված է եղել իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրը Անտիոք այցի ժամանակ կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ ցանկանում պարտադրել նրան զոհ մատուցել կոռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք մատաղ աշակերտներ, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում։ Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ անդադար խոստովանում էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և առնում նահատակության պսակը: