Եկեղեցական Օրացույց

Պահք: Հիշատակ Ս. Թեոդիտոն Գաղատացու, Թալիլյա բժշկի և 7 կույսերի

2017 -06-29

Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների  զոհերից է։ Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Ս. Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն։  Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով  ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև   Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել նրանց։ Սակայն հայտնի է դառնում կատարվածը, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին  ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում։

Ս. Թեոդիտոնի և 7 կույսերի հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցում տոնվում է միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը։

Նույն օրը Ս. Թալիելեա բժշկի հիշատակության օրն է։ Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների՝ երանելի սուրբը իր հավատքի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին։ Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և ի վերջո նահատակվում է գլխատմամբ։