Եկեղեցական Օրացույց

Պահք: Հիշատակ Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մայր Հեղինեի

2017 -06-27

Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության մեծագույն դեմքերից է։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Նրա օրոք տեղի ունեցավ Նիկիայի 325 թ. առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտեց Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը՝ ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի և Աստված է: Կոստանդիանոսը իր օժանդակությունն է բերել  Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը։

Կոստանդիանոսը եղել է նաև մեծագույն զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում։  Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը։ Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթանակում։  Վախճանվել է 337 թ., մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:

Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թ.: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը։  Ինչպես վկայում է ավանդությունը, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմի մեջ և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է շինել տալիս, որոնց սեղանին իբրև աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թ.՝ քրիստոնյաների սրտերում թողնելով իր բարի հիշատակը: