Եկեղեցական Օրացույց

Պահք: Սուրբ հայրապետներ Բարաղամի, Անթիմոսի և Երանոսի հիշատակության օր

2017 -09-28

Ս. Բարաղամը /250-304/ ապրել է Անտիոքի շրջանում և նահատակվել Դիոկղետիանոս կայսեր օրոք: Իր հավատքի համար ձերբակալվում է և ատյանի առաջ տարվում: Մերժում է կուռքերին զոհ մատուցել, որն էլ զայրացնում է դատավորին: Վերջինս հրամայում է նրա բաց ափի մեջ եռացող խնկաման դնել, այն հույսով, որ ծերունին չի դիմանա և խունկը կթափի զոհասեղանին: Սակայն առաքինի և աստվածապաշտ ծերունին, անտեսելով ցավը, անշարժ պահում է ձեռքն այնքան ժամանակ, մինչև այն ևս այրվում է, և այս անասելի տանջանքների մեջ սուրբն ավանդում է հոգին:

Ս. Անթիմոսը եղել է Նիկոմիդիայի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս և Մաքսիմոս կայսրերի օրոք քրիստոնյաներին մեղադրում են կայսերական պալատի հրկիզման մեջ և սկսվում է քրիստոնյաների հալածանքը: Սկսված հալածանքների պատճառով իր հոտի խնդրանքով Անթիմոսն ստիպված  լեռներն է քաշվում: Այդ ժամանակ նահատակվում է Թեոփիլիոս սարկավագը` եպիսկոպոսին չմատնելու համար: Բայց կայսրը, իմանալով Սրբազանի գտնվելու վայրի մասին, իր զինվորներին ուղարկում է նրա ետևից: Վերջիններիս սուրբը հյուրասիրում է և կամավորաբար հայտնում իրեն: Չնայած զինվորների` իրենց չընկերանալու բազմաթիվ հորդորներին, սուրբը հոժարակամ գնում և ներկայանում է ատյան: Անթիմոսի հաստատակամությունն ու նրա քարոզները լսելով՝ 20 զինվորներ դարձի են գալիս և մկրտվում: Դատարանում հարցաքննության ժամանակ վստահ և համարձակ պատասխաններ է տալիս, որոնց համար բազում տանջանքներից հետո գլխատվում է շուրջ 303 թ.:

Ս. Երանոս եպիսկոպոսը ևս նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք Պանոնիայի Սիրմիա քաղաքում: Դատավարության ժամանակ ծնողներն ու հարազատները համոզում են, որ խղճա իր երիտասարդությունը և իր երեխաներին, որին սուրբը պատասխանում է, որ իր երեխաներն Աստված ունեն, որ միշտ հոգ է տանում նրանց համար: Նա անդրդվելի է մնում և իր հավատքից չի հրաժարվում: Իր անսասանության համար չարչարանքներից հետո գլխատվում է:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. հայրապետներ Բարաղամի, Անթիմոսի և Երանոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի 2-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: