Եկեղեցական Օրացույց

Պահք: Ս. Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2017 -09-25

Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում` աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասին ծնելուց հետո նրա մայրը մահանում է: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ մի քրիստոնյա կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Արդեն տասնհինգ տարեկանում համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Պարտադրված զրկանքներից ազատվելով՝ առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքն ընծայում է աղքատներին սպասավորելուն, սակայն կրկին մատնվում է դատավորին և խիստ չարչարանքներից հետո եռաժանիով խոցվելով՝ նահատակվում 273 թ.-ին:

Ս. Փիլիկտիմոնը , որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որ իր հավատքի համար Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակության պսակն ընդունում 274 թ.-ին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամելով:

Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թ. Կիլիկիայում: Փոքր հասակում եղել է հովիվ: Երբ մի օր եկեղեցի է մտնում և չհասկանալով օրվա ընթերցված Ավետարանի իմաստը, դիմում է իր կողքին կանգնած ծերունուն: Ծերունին բացատրում է ընթերցվածի իմաստը` ասելով, որ այն ժուժկալ լինելու մասին է, որպեսզի մարդը ճգնության, զրկանքների, ծոմապահության և սակավապետության ճանապարհովով երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը Սիրիայի Հաթա նահանգն է անցնում, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստանում: Տեսնելով, որ այցելուներն ու  հիվանդներն իրեն շատ են նեղում, սկզբում մի խոր փոս է փորում, որտեղից միայն գլուխն էր երևում՝ քարոզելու համար, ապա 60 կանգուն բարձրությամբ  սյան վրա է բարձրանում: Գլխի վերև որևէ ծածկ չունենալով` օրը միայն կանգնած կամ ծնկած էր անցկացնում` իբրև սնունդ միայն շաբաթը մեկ անգամ Ս. Հաղորդություն ստանալով: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզում է և իր աղոթքներով բժշկում բազմաթիվ հիվանդների:

Հայ Առաքելական եկեղեցին Ս. Մամասի, Ս. Փիլիկտիմոնի և Ս. Սիմեոն Սյունակյացի հիշատակը տոնում է  Խաչի 2-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: