Եկեղեցական Օրացույց

Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

2017 -09-07

Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում, իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:

Ս. Կոզման և Դամիանոսը, որոնք նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջել և ձրիաբար բուժել հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին: