Եկեղեցական Օրացույց

Ս. Ադրիանոսի և նրա կնոջ՝ Անատոլիայի, Թեոդորոս եւ Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2017 -09-05

Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը՝ իր կնոջ՝ Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է եւ խստագույն չարչարանքների ենթարկվելով՝ նահատակվում է 310թ.: Անատոլիան, որ քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին՝ չտկարանալու հավատքի մեջ եւ արիաբար ընդունելու մարտիրոսական պսակը, իր ամուսնու նահատակությանը ներկա էր՝ իբրեւ այր ձեւանալով: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում  առաքինի վարքով եւ իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:

Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեեւ Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է եւ սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլեւ ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատքից եւ դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319թ.:

Ելեւթյուրոսը ապրել եւ գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելեւթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է եւ հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով՝ բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց՝ Կալինիկոս քուրմը, որն իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում եւ գլխատվում: Ելեւթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվում է իր մահով: