Եկեղեցական Օրացույց

Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր

2019 -10-28

Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա  Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Ս. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. «Ոչ ոքի առջև, ո՛չ ուրիշի, ո՛չ բացահայտ, ո՛չ գաղտնի, ո՛չ խոսքով, ո՛չ մտքով, ո՛չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին»: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ  քրիստոնյաների հետ:

Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ:

Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 միայնակյացներ ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:

Թեոդիտեն ու իր որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրիացյալ բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակը տոնում է Ս. Խաչի Է կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: