Եկեղեցական Օրացույց

Ս. առաքյալներ Անանիայի, Մատթեոսի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր

2019 -10-15

Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին՝ ապագա Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքն է տարածել հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցելուց` քարկոծվելով մահացել է:
Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունականացված ձևն է եբրայական այն անվան, որ նշանակում է Աստվածատուր: Նրա եբրայական անունը Ղևի էր: Ս. Մատթեոսը նախկինում եղել է մաքսավոր` գործելով Կափառնայում քաղաքում: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառում է իր ունեցվածքը, բաժանում այն աղքատներին` դառնալով Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսք է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:
Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալներից Բառնաբաս կոչվեց, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից:
Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքն է քարոզել Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկուկներ և հրաշքներ է գործել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:
Հովհաննեսը կամ Տիրոջ սիրելի առաքյալը Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո գալիս է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում` աքսորվելով Պատմոս կղզին, ուր և գրում է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է իր բնական մահով:
Շիղան եղել է Պողոս առաքյալի գործակիցներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոսն է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. առաքյալներ Անանիայի, Մատթեոսի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: