Եկեղեցական Օրացույց

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոն

2020 -06-27

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է։

Ըստ ավանդության, հայոց մեծ դարձից հետո ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թ.: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացյալ կաթողիկոսին, նրա մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը իր աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի  նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններից են։ Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ Եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբալույս մյուռոնը։

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո հանդիպող երրորդ շաբաթ օրը։ Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ։ Տոնի առիթով Հայ Եկեղեցին սահմանել է շաբաթապահք։ Տոնն ունի նաև իր նախատոնակը։