Եկեղեցական Օրացույց

Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր

2019 -09-28

Ս. Գևորգը Կապադովկացի է` բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է վերջինիս` քրիստոնյաներին հալածելու ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է տվել սուրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզության շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին փորձելու և դարձի բերելու համար: Առաջին դեղով բաժակը խմելուց հետո պիտի փոխվեր սրբի միտքը, իսկ երկրորդի պարագային` պիտի մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ երկուսն էլ խմում է և ի զարմանս բոլորի կենդանի մնում: Նա նաև հարություն տալիս մի մեռյալի:

Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատանը` մեկառմեկ ջարդոտում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս Ս. Գևորգին շուրջ 303թ.:

Ադոկտոսը նահատակվել է 320թ. հայկական Մելիտենեում Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Իր քրիստոնյա լինելու պատճառով կայսեր հրահանգով զրկվում է իր կոչումից և ունեցվածքից` վտարվելով Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում հեթանոսության դարձնել Ադոկտոսին: Անսասան մնալով իր հավատքին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:

Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվում է նրան երազում և տալիս է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստանում է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556թ.:

Հայ եկեղեցին Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը տոնում է Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: