Եկեղեցական Օրացույց

Ս. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օր

2019 -10-17

Դիոնիսիոս Արիսպագացին ըստ ավանդության  Պողոս առաքյալի աշակերտն (Գործք. ԺԷ 34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսն է: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում Պողոս առաքյալի քարոզությունը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարմանն ու Ս. Աստվածածնի Վերափոխմանը: Ս. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր:

 

Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, որին հաճախ առաքյալն իր թղթերում «սիրելի որդի» է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Պողոս առաքյալի կողմից ի ծնե կաղի բշկումից հետո հավատում է Հիսուս Քրիստոսին` դառնալով առաքյալի ուղեկիցը: Պողոսի կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս Եպեսոսում և եկեղեցին հովվում 15 տարի: Տիմոթեոսին են ուղղված Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98թթ. Եփեսոսում:

 

Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է՝ հետանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Պողոս առաքյալի հետ: Վերջինս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Պողոսի նամակներից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը` տարածելով Աստծո խոսքն ու հրաշագորելով:

 

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: