Եկեղեցական Օրացույց

Ս. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2019 -10-01

Ս. Եվստաթեոսը (Բ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և ողջ հարստությունը կորցնելով՝ մեկնում է Հռոմից: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է իր ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով կրկին կոչվում է զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատելու համար: Պատերազմի ժամանակ Տիրոջ նախախնամության շնորհիվ գտնում է իր ողջ ընտանիքը: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը և զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Ս. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:

Ս. Երմոնե կույսը (Բ դար) Փիլիպպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է՝ Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին, որին էլ աշակերտում է: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատքի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար, որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:

Ս. Նեքտարինե կույսն  Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և լայն գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալու  միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նրա քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, որն էլ Նեքտարինեին պատմում է Նրա մասին, որ գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, որն իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, որոնք կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ  Նեքտարինե կույսին՝ սրով խոցում: