Եկեղեցական Օրացույց

Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսիոս զինվորների և Ռամելասի հիշատակության օր

2019 -10-22

Թեոդիտոն քահանան († 303) Անտիոքի մեծ եկեղեցու ավագերեցն էր, որ ապրում էր Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին՝ Հուլիանոս Կոմսը, որ կայսրության Արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորելու բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը՝ շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը  ձերբակալում է նրան, նախ՝ չարչարանքի ենթարկում, և ապա՝ գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը՝ Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ իր կազմակերպած պատերազմի ընթացքում անծանոթ մեկի արձակած նետից խոցվելով, չարաչար մեռնում են:

 

Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել  Մաքսիմիանոս կալսեր օրոք, 311-312թթ, Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: Եվդոքսիոսը, որ կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ՝ Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա իրեն հայտնում է զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև ս. Մակարը:

 

Ռամելասը († 157) նահատակվել է Տրայանոս կայսեր օրոք: Արևելք արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է:

 

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսիոս զինվորների և Ռամելասի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: