Եկեղեցական Օրացույց

Ս. Խարեթյանների, սուրբ վկաներ Արտեմիոսի, Քրիստափորի և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր

2019 -10-24

Ս. Խարեթյանք († 523) ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեգրան քաղաքում:

Զ դ. հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա՝ բնակիչներին հուդայականության դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը՝ հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում է այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց՝ պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են՝ ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա մահը ձեռքբերում է», և անվախորեն հանձնվում են տանջանքների:

Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:

 

Արտեմիոսը († 362/3) դեռևս Կոստանդիանոս Մեծի օրոք արդեն երիտասարդ տարիքից առաքինի զորական էր կայսերական բանակում՝ բարձրանալով մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա՝ որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցների՝ Եվգենիոսին ու Մակարին, Արտեմիոսը համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:

Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Ս. Հովհաննես Կարապետի եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում՝ Ս. Պանտելեմոնի վանքում:

 

Քրիստափորը, և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերի լինելով ծառայում էր հռոմեական բանակում և քրիստոնյա է դառնում ծառայության ընթացքում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները՝ նրա մեջ մեծագույն ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Դատավորի առջև բերվելով հանդիմանախառն պատասխաններ է տալիս նրան՝ մերժելով դատավորի՝ կռապաշտության դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց՝ Կալինիկեին և Ակյուլասին՝ նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ՝ նահատակել է տալիս երկու կանանց, ապա՝ զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո՝ գլխատում է ս. Քրիստափորին:

 

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Խարեթյանների, սուրբ վկաներ Արտեմիոսի, Քրիստափորի և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակը նշում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: