Եկեղեցական Օրացույց

Ս. Պանդալեոն բժշկի, Երմողայոս քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր

2019 -10-10

Սբ. Պանդալեոնը և Երմողայոս քահանան Նիկոմիդիայից են, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Ս. Պանդալեոնն իր քրիստոնյա մոր մահից հետո դաստիարակվում է հեթանոս հոր կողմից: Նվիրվում է բժշկության` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպում է Երմողայոս քահանային, որն էլ նրան դաստիարակում է քրիստոնեական ոգով: Երմողայոս քահանան  մկրտում է Պանդալեոնին, և նա սկսում է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թ. սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանում են կայսեր առաջ: Նա մատնվում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է: Կայսրը տեղեկանում է, որ նրա դարձի պատճառը Երմողայոս քահանան է, ուստի հրամայում է նախ նրան գլխատել, ապա նաև՝ Պանդալեոնին:

 

Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ է: Երբ Եվպրաքսիայի հայրը մահանում է, նա մոր հետ տեղափոխվում է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելում են Թեբայիդի կուսանոցները: Տպավորվելով վանքերի մթնոլորտից՝ մոր քաջալերությամբ որոշում է կուսանոց մտնել: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրում է մայրաքաղաք՝ ազնվական մի երիտասարդի հետ ամուսնացնելու համար: Սակայն Եվպրաքսիան թախանձում է կայսրին՝ իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար: Կայսրը լսում է նրա խնդրանքը և ազատում նրան՝ իր վանական կյանքը շարունակելու համար: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող ս. կույս Եվպրաքսիան փառաբանվում է Տիրոջից ստացած հրաշագործության շնորհով: Նա առ Տեր է փոխադրվում երեսնամյա հասակում` թաղվելով վանքում՝ իր մոր կողքին: