Եկեղեցական Օրացույց

Ս Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

2019 -10-07

Ս. Փոկաս հայրապետը  սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրում էր Պափլագոնիա քաղաքում` զբաղվելով այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ է գտնում և բազմաթիվ հրաշագործություններ կատարում: Վարքագրական աղբյուրների համաձայն դևերին հալածում էր, կույրերին` լուսավորում, իսկ իր ունեցվածքը աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվում է  քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստանում սպանելու նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Ս. Փոկասն իր տանն ընդունում է զինվորներին, հյուրասիրում նրանց, ապա ասում, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները, որոնք գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորում են Փոկասին ետ կանգնել իր հավատքից, սակայն Փոկասը չի ուրանում Քրիստոսին և սրախողխող լինելով՝ նահատակության պսակն է ընդունում 117 թ.:

Ս. Երանոսը (Իրենիոս եպիսկոպոս Լիոնի) ծնվել է Էգեականի շրջանում` աշակերտելով ս. Պողիկարպոս Զմյուռնացի Հայրապետին: Իր ուսումն  ստացել է Հռոմում, ապա ձեռնադրվել է երեց: 117 թ., Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո, հաջորդել է նրան նույն Աթոռում:

Ս. Իրենիոսը Արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է և վերջին օղակը, որ Առաքելական հայրերին կապում է հետագա դարերի Եկեղեցու հայրերի հետ: Հայկական Հայսմավուրքը վկայում է, որ Սեպտիմոս Սևերոսի օրոք, դատավորների մոտ համարձակորեն վկայել է Քրիստոսի մասին, որի համար չարչարվել է և նահատակվել 202 թ.: Հեղինակել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը:

Հայ Առաքելական եկեղեցին Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Ս. Երանոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: