Եկեղեցական Օրացույց

Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոն

2020 -01-06

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Հիսուսի ծնունդն այսպես եղավ:

Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և եւ յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել և երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: