Եկեղեցական Օրացույց

Տոն Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի, Թումասի, Անտոնի, Կրոնիդեսի և յոթ խոտաճարակների, ովքեր Իննակնյան վանքում նահատակվեցին

2019 -10-14

Ս. Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի` ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Սակայն մազքութների կենսակերպը շատ էր տարբերվում քրիստոնեկան կենցաղավարությունից, ուստի նրանք սուրբին կապում են ձիու պոչից և այն բաց թողնում Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, ուր և նահատակվում է Հայրապետը: Ըստ ավանդության՝ նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Ս. Գրիգորիս եկեղեցում: Նրա նշխարների գյուտը տեղի է ունեցել 489թ. հայոց Վաչագան թագավորի օրոք:

Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` ս. Սահակի և ս. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո քաշվում են Գաբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս էին սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարիչ խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնվում է մի միաբանություն. որ հոգևոր առաջնորդի անունով էլ կոչվում է Ս. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, որին Ս. Թաթուլը առաջնորդ կարգելով` ինքն առանձնանում է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում:
Վարոսն էլ ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է Գյուտի մենաստանը` ի հիաշատակ նրա նշխարների գյուտի:
Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Ս.Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր ս. Գրիգորը Տարոնում քանդում է Իննակնյան բարձունքի Գիսանեի կուռքը, ապա տեղում շինում է Ս. Կարապետ եկեղեցին, ուր և հաստատվում են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Ս. Անտոնը և Ս. Կրոնիդեսը կնքում են իրենց մահկանացուն Դ դարի երկրորդ քառորդում:

Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներ էին, ովքեր 584թ.-ին Տարոնի Գլակա կամ Ս. Կարապետ եկեղեցին եկան և բնակվեցին Իննակնյան վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, ուստի և կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները՝ Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս:
Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը թալանի համար: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են դրանք ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Ս. Խոտաճարակներից, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքերը հարձակվում են վանքի վրա, բայց հուսախաբությունից գլխատում են յոթ խոտաճարակներին 604թ.-ին: Երեք օր հետո հեռացած միաբաններից գալիս են և թաղում նրանց մարմինները Ս. Անտոնի և Ս. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:

Հայ Առաքելական Եկեղեցին Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի, Թումասի, Անտոնի, Կրոնիդեսի և յոթ խոտաճարակների, ովքեր Իննակնյան վանքում նահատակվեցին հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: