Եկեղեցական Օրացույց

Տոն անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի

2020 -01-13

Հունվարի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի, ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:

Այս մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «և երբ 8 օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. Բ 21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «և ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. Ա 31):

Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև  Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: