Եկեղեցական Օրացույց

Տոն Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի

2020 -11-28

Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ առաքյալները՝ Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը  Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, ովքեր Ս. Հոգու շնորհաբաշխ էջքից հետո, գալով Հայաստան` իրենց քարոզչությամբ քրիստոնեության կենարար  լույսը ջամբեցին հայ ժողովրդին՝ արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Նրանք դեռևս քրիստոնեության արշալույսին հավատի նորաբաց ակոսները ոռոգեցին իրենց իսկ արյամբ՝ նահատակվելով Հայաստան աշխարհում: Նրանց քարոզչության և նահատակության արդյունքում էր, որ 301 թ.-ին հայ ժողովուրդը, աշխարհում առաջինը լինելով, քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի այս սրբազան առաքյալների արյան պտղաբերումը երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովուրդն է` իր խորարմատ հավատքով և ջերմեռանդ սիրով դեպի իր մայր եկեղեցին: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում այս օրը մատուցվում է սուրբ և անմահ պատարագ` ի հիշատակ Ս. Առաքյալների: