Եկեղեցական Օրացույց

Տոն Ս. Թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու

2019 -10-12

Ս. Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: «Թարգմանիչ» ընդհանուր անվան տակ են հայտնի ս. Մեսրոպ Մաշտոցին և ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաները: Հայտնի են նաև «կրտսեր թարգմանիչները», որոնք արդեն երանելի երկու ամոլների աշակերտների աշակերտներն են: Հայ Աառաքելական Ս. Եկեղեցին ս. թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի պայծառ հիշատակը` գլխավորությամբ եռամեծ ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Այս լուսավոր այրերի փաղանգի մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի սրբազան գործն ու առաքելությունը շարունակող ս. Գրիգոր Նարեկացու և ս. Ներսես Շնորհալու անմոռանալի անունները:  Թարգմանիչ նաև նշանակել է մեկնիչ, մեկնող:

Նրանք, գիտակցելով և ճիշտ ըմբռնելով ժամանակի թելադրած պահանջները, ձեռնամուխ եղան հայ գրի և գրականության ստեղծման սրբազան գործին: Ս. Թարգմանիչներն իրենց անսահման ջերմությամբ և հավատքի լույսով ցրեցին տիրող խավարն ու ջերմացրեցին հայ մարդու հոգին: Նրանց շնորհիվ Աստվածաշունչ մատյանը հայերեն թարգմանվեց, և հայն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր մայրենի լեզվով կարդալու Աստծո կենդանի խոսքը: Սրբազան թարգմանիչներն իրենց լայն գործունեությամբ նպաստեցին Հայոց աշխարհի հոգևոր-մշակութային զարթոնքին: Ս. Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Ս. Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատեր այսօր, իրենց բնօրինակների կորստյան պատճառով,  բնագրի արժեք են ստացել:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: