Եկեղեցական Օրացույց

1-ին կիրակի Հոգեգալստից հետո: Հիշատակ Եղիա մարգարեի

2017 -06-11

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած իր հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով։

Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում։ Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ (17-18) և Դ (1-2։1-15) գրքերում, նրա անունը հիշատակում են ավետարանիչները։

Թագավորաց Գ գիրքը պատմում է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, աստվածային տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին։ Կատարվում է Եղիայի մարգարեությունը, և երեք տարի անց նա կրկին ներկայանում է Աքաաբին։ Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա, դիմելով Աստծուն, հորդառատ անձրև բերում։ Եղիա մարգարեին են վերագրվում զանազան հրաշագործություններ. թե ինչպես աստվածային զորությամբ անպակաս է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն։

Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված, և ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնվում է շաբաթվա սովորական օրերին, Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է բացառապես կիրակի՝ Հոգեգալուստին հաջորդող կիրակի օրը։