Եկեղեցական Օրացույց

1-ին օր Մեծ պահքի

2021 -02-15

Մեծ Պահք

Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից մինչև Ս. Զատիկ ընկած շրջանը կոչվում է Մեծ Պահք, երբ հավատացյալ ժողովուրդը զերծ մնալով մարմնական վայելքներից ու մեղքերից, ժուժկալությամբ ու ապաշխարությամբ նախապատրաստվում է Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին: Կարևոր են նկատվում թե՛ հոգևոր-բարոյական և թե՛ մարմնավոր պահեցողությունը:

Մեծ պահքը եկեղեցական հայրերն անվանել են նաև «Քառասնորդաց»` քառասուն օրերի պատճառով: Այս պահքն անվանվում է նաև «Աղուհաց», քանի որ նախկինում Մեծ Պահքի միակ կերակուր են եղել աղն ու հացը:

Հին և Նոր Կտակարաններում քառասնօրյա պահքի մասին բազում վկայություններ կան: Մովսեսը քառասուն օրեր շարունակ պահք պահեց և ապա ստացավ Աստծո օրենքը: Սակայն այս շրջանի հաստատումն առավելաբար կապվում է անապատում Քրիստոսի քառասնօրյա փորձության հետ, որի հետևությամբ և Եկեղեցու հայրերը սահմանեցին այս պահքը:

Պահեցողությունը լինում է երեք տեսակի` սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքին թույլատրելի են միայն բուսական ծագում ունեցող կերակուրները: Սրբապահքի ընթացքում հրաժարվում են նաև մարմինը գիրացնող բուսական կերակուրներից: Իսկ ծոմապահության դեպքում հրաժարվում են բոլոր կերակուրներից` անգամ հացից և ջրից:

Մեծ Պահքին եկեղեցիներում փակվում են վարագույրները` ի հիշատակ այն իրողության, որ մեղսագործությունից հետո Ադամն արտաքսվեց դրախտից և նրա առջև դռները փակվեցին: