Եկեղեցական Օրացույց

13-րդ օր Մեծ պահքի: Հիշատակ Երուսաղեմի Ս. Կյուրեղ Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի

2019 -03-16

Ս. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական իր աթոռին: Մասնակցել է 381թ. Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Ս. Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որ ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության, Երուսաղեմի Ս. Հակոբ եկեղեցու Ս. Ստեփանոս մատրան մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտել է Կյուրեղ Հայրապետը:

Ս. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

Ս. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Ս. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների, իբրև տեղանքին լավատեղյակ մեկը, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը:  Տեսնելով Ս. Խաչի հրաշագործ զորությունը` իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով  Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու շրջանում փոխարինում է նրան Հայրապետական աթոռին: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով  անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների շրջանում: Ս. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր Աննայի հիշատակության օրը նշվում է   Ս. Կյուրեղ Հայրապետի հետ մեկտեղ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը: