Եկեղեցական Օրացույց

2-րդ կիրակի Հոգեգալստից հետո: Կաթողիկե Ս. Էջմիածնի տոն

2017 -06-18

Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Ս. Էջմիածնի հիմնադրման տոնն է՝ իբրև Հայոց Եկեղեցու մեծագույն տոն։

Ինչպես վկայում է ավանդությունը, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամատի գետնափոր մեհյանը՝ ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց ս. հավատքի տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն՝ էջ (գրաբար) – իջավ Միածինը:

Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին, որի արքայական հովանավորությամբ  կառուցվում է Ս. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը։ Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Ս. Սեղանը: Էջմիածնի կառուցմանը ողջ ժողովրդի հետ մասնակցում են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:

Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի, «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են կոչվել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այս անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այնպես որ այս երեք իմաստներն էլ հարմարվում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր է և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը նշվում է Ս. Զատիկից 64 օր հետո կամ, Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի։ Տոնի օրը մատուցվում է Ս. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրվել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցու կողմից և պատմում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին:

Այսօր տոնի առիթով կատարվում է Հայրապետական մաղթանք: