Եկեղեցական Օրացույց

2-րդ կիրակի Մեծ պահքի: Արտաքսման կիրակի:

2019 -03-10

«Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր: Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու μոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. Գ 22-24):

Այս կիրակիի խորհուրդն Ադամի ու Եվայի արտաքսումն է դրախտից` Տիրոջ պատվիրանի նկատմամբ դրսևորած անհնազանդության պատճառով: Ճաշակելով բարու և չարի գիտության ծառի պտղից մարդը մեղանչեց Աստծու դեմ` դատապարտվելով քրտինքով ապրուստը հոգալու և կնոջ` երկունքի ցավերով որդեծնության, սերնդեսերունդ ադամական մեղքը ժառանգելու պատիժը: Եդեմական երանությունը պատվիրանազանցությամբ դարձավ մարդ արարածի համար անդառնալի` մինչև Բարձրյալի Միածին Որդու մարդանալը և երկրային առաքելության իրագործման ավարտը:

Այս իրողությունն է, որ ցավով ու կարոտով վերհիշում ենք Մեծ պահքի առաջին շաբաթն ամփոփող այս հանգրվանին, որպեսզի գնահատենք և արժևորենք Քրիստոսով վերստին մեզ համար բացված ճանապարհով դեպի փրկություն ընթանալու հնարավորությունը և դրախտային երանությանն արժանանալու հույսը:

Սակայն Միածնի քավչարար մահն ու հարությունը բավարար չեն մեր փրկության համար, այլ մենք ևս մեր հերթին պիտի կարողանանք վերափոխվել համաձայն առաքյալի պատգամի. «Եվ այս աշխարհի կերպարանքով մի´ կերպարանվեք, այլ նորոգվեցե´ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի´նչ է Աստծու կամքը` բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12.2): Առ Աստված դարձի համար պետք է ոչ թե գայթակղվելով ընդօրինակենք մեզ շրջապատող աշխարհի դյուրին, բայց և մահաբեր հնարքները և բռնենք մեղսալի ընթացքները, այլ խորշելով դրանցից` վերահաս պատժի մտաբերումով, պիտի զգեստավորվենք Քրիստոսով և Իր կամքը դարձնենք մեր «ես»-ի մղիչ ուժը, որ կառաջնորդի մեզ դեպի բարին ու օգտակարը:

Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղած իր թղթում ցույց է տալիս դեպի Աստված տանող և ժառանգած մեղքի ու մարդկային մեղսագործության հաղթահարման ճանապարհը: «Սեր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու հետևից. եղբայրասիրության մեջ` միմյանց հանդեպ լինել գթասիրտ. պատիվ տալու մեջ` միմյանց գերազանցել. ջանասիրության մեջ չլինել թուլասիրտ. հոգո´վ եռացեք. Տիրո´ջը ծառայեցեք. հույսո´վ ուրախացե´ք. նեղության համբերեցե´ք, հաճախակի աղոթեցե´ք» (12.9-12): Առաքյալը, որքանով էլ իր թղթերում մշտապես շեշտում է անհատական աղոթական կյանքի ու հոգևոր փորձառության կարևորությունը, միևնույն ժամանակ հավատացյալի համար ընդգծում է կարևոր մի հանգամանք` այն, որ հասարակության կամ հավատացյալների հավաքականության մեջ պետք է գերակայի «Քրիստոսով մեկ մարմին» լինելու գիտակցությունը: