Եկեղեցական Օրացույց

2-րդ օր Ս. Հարության: Հիշատակ մեռելոց

2019 -04-22

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան արարողություն ննջեցյալների հոգիների խաղաղության համար: Այնուհետև ժողովուրդն այցելում է իրենց հարազատների գերեզմաններ` փոխանցելու նրանց տեր Հիսուս Քրիստոսի Ս. Հարության ավետիսը:

 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Ս. Զատկին հաջորդող հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք  կամ Հինանց շրջան` նվիրված Տիրոջ Հարության խորհրդին: Այս իսկ պատճառով ամբողջ շրջանը Տերունի է:

Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծու արքայության մասին» (Գործք 1:3):

Հինանց շրջանի  վերջին  տասն օրերը նվիրված են Քրիստոսի համբարձմանը:

Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով:

Համաձայն Եկեղեցու կանոնների, բոլոր հիսուն օրերն ուտիքի են, այսինքն` այս շրջանում թույլատրելի են բոլոր կերակրատեսակները: