Եկեղեցական Օրացույց

20-րդ օր Մեծ պահքի: Հիշատակ Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների

2019 -03-23

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնում է Հայ Եկեղեցու մեծագույն աստվածաբան եկեղեցականների` Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը:

Ս. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ Եկեղեցու մեծագույն հայրապետներից է: Ըստ վարքագիրների, հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում  (717-728 թթ.)  Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկներից են Հայ Եկեղեցու բարեկարգման համար գումարված 726թ. Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով:

Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:

Միմյանց փոխշաղկապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր իսկ ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է  աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են  «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:

Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի է իբրև մեծ քարոզիչ: