Եկեղեցական Օրացույց

27-րդ օր Մեծ պահքի: Հիշատակ Քառասուն մանուկների

2019 -03-30

4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիայի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը  հարցաքննություն է կազմակերպում` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատքին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիո մոտակա լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը և սակայն այդպես կնքելով  մահկանացուն, զրկվում է թե՛ երկրային և թե՛ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակներն երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատքով և նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաները առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարները ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է  «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը:

40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: