Եկեղեցական Օրացույց

34-րդ օր Մեծ պահքի: Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մուտքի տոն

2019 -04-06

Հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորչին  նվիրված երեք հիշատակության օրերից տարվա մեջ առաջինն է, որ ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:

Ըստ պատմական աղբյուրների, Սբ. Գրիգոր Լուսավորիչը որդին էր Անակ Պարթև իշխանի, որ սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, ինքը ևս սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին` Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում` դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու` Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Շուտով սակայն տեղեկանալով Գրիգորի քրիստոնյա լինելու, ինչպես նաև արքայասպան Անակի որդին լինելու մասին, Տրդատ արքան չարչարանքների ենթարկելուց հետո, նրան նետում է Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:

Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրած իր ներբողում 4-րդ դարում Ընդհանրական Եկեղեցու Ս. Հովհան Ոսկեբերան հայրապետը գրել է. «Հիշե՛ք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքա±ն էր նեղություններով դառնացած… Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը: Որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ո՛չ զրուցակից կար, ո՛չ վշտակցող բարեկամ, ո՛չ օգնական, ո՛չ մխիթարող և ո՛չ ծառայող: Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…»:

Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայոց Եկեղեցու առաջին հովվապետը:.

Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնեական մյուս Եկեղեցիները: