Եկեղեցական Օրացույց

4-րդ կիրակի: Կարմիր կիրակի

2019 -05-12

Զատիկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր կիրակի:

Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատքի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ դաժան հալածանքներ էին կիրառվում քրիստոնյաների դեմ, շատեր գերադասեցին մեռնել, քան դավաճանել կյանքի ու հավատքի այն սկզբունքներին, որ մարդկությանը ավանդել էր մարդացյալ Աստված Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի»,- ասվում է սաղմոսում (Սաղմ. 115:15):

Սակայն այսօր մեռնելով նահատակության անհարժեշտություն չկա, եւ արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակը այլ իմաստ են ձեռք բերել` ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք եւ հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին»,- ասում է Պողոս առաքյալը (Եբր. 12:4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի` Աստծու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):