Եկեղեցական Օրացույց

4-րդ կիրակի Մեծ պահքի: Տնտեսի կիրակի

2019 -03-24

Մեծ Պահոց չորրորդ կիրակին կոչվում է տնտեսի կիրակի` ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի, որը հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը:

Առակի բովանդակությունը հետևալն է: Մի մեծահարուստ իր տնտեսի մասին լսում է, թե նա վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում` որոշելով հեռացնել աշխատանքից: Իսկ տնտեսը, տեսնելով, որ կարող է անգործ մնալ, փորձում է այնպես անել, որ հետո մարդիկ իրեն իրենց տներն ընդունեն: Նա կանչում է իր տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում նրանց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտի համար` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Եվ տերը գովում է տնտեսին իրեն հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի հիմքն է կազմում:

Պահքը մարդուն որևէ գայթակղությունից հրաժարվելու կարողությունն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եթե մեկը չուրանա իր անձը և չգա Իմ ետևից Ինձ արժանի չէ»:

Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարման և ինքնազսպման` սովորեցնելով, թե ինչպես կարելի հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծու տված շնորհները, մինչև որ Աստված նրան պատասխանատվության է կանչում:

Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում նաև իրենց պարտապանների պարտքերը և սիրելիներ դառնում հրեշտակներին ու արդարներին: